Թումանյան թերապիան՝ իրիկնային ամենօրյա ընթերցումը բարձրաձայն ու ձեզ համար, mskh.am-ի եթերում, ինձ օգնում է նաև նոր տարում կարգավորելու քունս, ոչ միայն հասնելու խաղաղությանը իմ հոգու, այլև բերելու այն ձեզ… Երեկ առավոտյան Դավիթ Բլեյանին առաջարկեցի «Սասունցի Դավիթ» էպոսը կարդալ, Թումանյանի մշակումը, իհարկե… Դավթի բլոգում սա կա. պատմություն է… Մեծ ընդհատում էր առաջացել, Դավիթը պիտի ուզենար. ես ոչ միայն չեմ կարող հոր տեսքով բռնակալ լինել, այլև հնարավոր զգույշ եմ լինում, հսկում եմ ինձ, որ իմ հեղինակությամբ չճնշեմ-չպարտադրեմ Դավթին, և խրախուսում եմ Դավթի դիմադրությունը ինձ, Դավթի «չէ»-ն, ինձանից հեռու ազատ լինելը… Ստացվում է, գիտե՞ք, որքան էլ Արմինեն հաճախ դա վերագրում է (դա ասելու բան չէ), ասենք՝ չգիտեմ ինչի… Կնոջ բերանով, Իսահակյանը կասեր, Իբլի՞սն է խոսում… Միշտ ուզեցել եմ, չեմ արել, հիմա հարցնում եմ՝ այդ «իբլիս»-ը Իսահակյանին որտեղի՞ց*…
Դավիթ Բլեյանն այնքան լավ-աջակցող ունկնդիր եղավ. տեղին ու քիչ հարցեր… Էջանիշ-քանոնը դրել ենք, երբ Դավթին կորեկի դաշտից իր հոր ծանոթ պառավը քշում է Ձենով Օհանի մոտ՝ իր ժառանգությունը պահանջելու (հասո՞ւն է, թե՞ հասունանալու համար), դրան տեր կանգնելու… Կուզեմ սա էլ ուղիղ եթերում կարդալ, միայն Դավիթն ուզենա, իսկ Արմինեն նաև կազմակերպի անընդհատ եթերը:
2018-ի ճամբարականները Հարավից…
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի։
Կիրակին Դավթի ժայթքումով եղավ… Մեր տղան, որ Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի մեր հարևան թիվ 43 սենյակի երաժիշտ Ռուզանից, ընտանիքից այնքան ազդված, պաչում է Արմինեի՝ նրանց նկարով այֆոնի էկրանը, սկսեց դաշնամուրի զար-զնգրի դասերը ինքնաբուխ շարունակել… Այսպիսի պահանջ… Դաշնամուրն էլ մեր տան՝ հենց այսօրվա համար, հո զարդ-զարդարանք չէ՞… Ժամեր նվագեց, շարունակեց ինքնուրույն… Երբ ես Համլետ Խաչատրյանենց տանից վերադաձա, վճիռը Դավիթը կայացրել էր…
— Հենց հիմա ինձ տարեք դաշնամուրի…
Ես էլ քանի՛ տարի այս օրվան եմ սպասել. տեսեք՜ տղաս՝ Դավիթն էլ, ինչպես իմ երաժշտական հայտնի Լիլիթ-Տաթև-Շուշան տրիոն, իմ երաժշտականությունն է ժառանգել… Անմիջապես, րոպեներ անց Շուշանի դաշնամուրի ուսուցիչ-հմայիչ դուետի՝ Սվետա-Լիլիթ Առաքելյանների ջերմ, չէ, տաքուկ գրկում հայտնվեցինք երեքով… Սվետան ինձ, իմ երաժշտականությունը, Շուշանի-իր Լիլիթ աղջկա ընկերությունը գովեց-հիշեց-հայտարարեց իր նման ճաշակով-մարդավարի։ Դավիթն էլ՝ մոր փորում, իր դաշնամուրի ուսուցիչ Լիլիթի հետ… Չես կտրի… Մեկ ժամ անընդհատ… Այդ արանքում ես ու Սվետան հասցրինք Արթուր Շահնազարյանի մշակած-ուղարկած հարսանյաց ծեսի բովանդակությանը ծանոթանալ, հունվար ամսվա մեդիաուրբաթ-համերգների վրայով անցնել…
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։
Հետո՝ ուշ, երբ եկանք մեծ եղբորս-հարսիս-Պետրոս եղբորս տանից, Դավիթը, ոգևորված այնտեղ խաղով-շփումով հարազատների հետ, շարունակեց դաշնամուրի ինքնապարապմունքը… այնտեղից, որ թողել էր դաշնամուրը, իր հորինումը երաժշտության… Իսկական նոր տարի… ու անհամբեր արթնացել եմ արդեն վեցին մոտ ու վռազ պատմում եմ… Հավե՜ս…
Գիտնականներն ահազանգում են, օվկիանոսում թթվածինը պակասում է… Այսպիսի գույժերը, թեմաները չեն կարող մեր հունվարի բնագիտատեխնիկական ստուգատեսի ճամբարային-նախագծային քննարկման առիթներ, հունիսյան ճամբարի օրակարգի մշակումներ, պատրաստում չդառնալ… Բաց ճամբար է, ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի մեր գործընկերների համար, այլև գաղափարների, ուսումնական թեմաների, խնդիրների…
Արհեստակցական կազմակերպության պարգևատրումը ինձ հանկարծակիի չբերեց… Գործիք է, լծակ, որ ես չեմ կարող չօգտագործել… Իմ ուսուցչի պատվիրաններից ողորմության գաղափարն է իմ փորձաքարը 2018-ի… Նրանով եմ սկսել…
Զգոյշ լերուք ողորմութեան ձերում մի առնել առաջի մարդկան. որպէս թէ ի ցոյց ինչ նոցա. գուցէ եւ վարձս ոչ ընդունիցիք ի Հօրէն ձերմէ որ յերկինսն է: Այլ յորժամ առնիցես ողորմութիւն. մի հարկաներ փող առաջի քո. որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս. որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ. ամէն ասեմ ձեզ. Այն իսկ են վարձք նոցա: Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես. մի գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո. Որպէս զի եղիցի ողորմութիւն քո ի ծածուկ. եւ Հայրն քո որ տեսանէ ի ծածուկ` հատուսցէ քեզ յայտնապէս:
Նոր Կտակարան, Մատթեոսի, 6:1-21
Քնարիկ Ներսիսյանի ընտանեկան նախաձեռնությունը, որ ֆեյսբուքով ինձ հասավ… հուզեց, իհարկե: 2018-ը կարո՞ղ է մեր կրթահամալիրի կյանքում այսպիսի՝ կոնկրետ-կարիքավոր մարդուն այս պատվիրանով-պահանջով օգնելու ուսումնական աշխատանքի կազմակերպման մեծ-ընդգրկուն նախագծի տարի լինել։ Կարո՞ղ է… Ֆեյսբուքը-մեր սոցիալական ցանցը տեղատու-կազմակերպիչ դառնալ սոսկ, այնպես, որ ձախն ու աջը հարյուրների ողորմությունը մարդկանց առջև չանեն, որպես թե այն լիներ ի ցույց նրանց… Սովորելու-սովորեցնելու ձև է, մեր ուսումնական կյանքի վերակազմակերպումը պատվիրանի համապատասխան…
Ճամբարականներն` Ագարակում… Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի
Գրող-գործարար Վարդան Հակոբյանի «Դեպի փայլուն ապագա կամ կամ արտառոցը» վեպը սկսեցի կարդալ Աշոտ Տիգրանյանի միջնորդությամբ: Շնորհակալ եմ: Գրողի ձևակերպմամբ՝ այն անսկիզբ-անվերջ հիպերռեալիստական տարեգրություն է… Ավելացնեմ, որ չի ավարտվում գրքի վաճառքով… Լսեցեք.
— Բնականոն հարց է առաջանում՝ գրքի քանի՞ օրինակ է վաճառվել:
— Տպագրվել է հազար օրինակ, մոտ հարյուրը վաճառելուց հետո որոշեցի այլևս չվաճառել ու սկսեցի պարզապես նվիրել՝ ընտրելով մարդկանց, ում կարող էր այն պիտանի լինել։ Երբ գրքերը վերջացան, ազատ բեռնելու համար դրեցի ֆեյսբուքյան էջում, հետո էլ անվճար՝ ՅուՓաբում, հիմա էլ ձեր թերթի օնլայն ընթերցումների էջում է: Ասեմ, որ հրաշալի նախաձեռնություն է: Ես հասկանում եմ տպագիր գիրքը շոշափելու զգայական-լիրիկական մոտեցումը, բայց ինչու՞ պիտի ընթերցողը զրկվի գրքին ծանոթանալու, այն ընթերցելու հնարավորությունից, եթե այս կամ այն պատճառով չի կարող այն ձեռք բերել: Ինչու՞ պիտի գրողը զրկվի իր ընթերցողին գտնելու հնարավորությունից, եթե տպաքանակը վերջացել է կամ հասանելի չէ գնորդին: Մշակույթն ու մշակութային իրավիճակն ավելի կարևոր են, քան հրատարակիչների շահույթներն ու ճաշակները: Նույնիսկ իրենց ու իրենց գործի համար են ավելի կարևոր։
#1263
* Իբլիս — դև, սատանա:
Իսլամում՝ ջինի անուն, որ իր ջանքերով հասել է Աստծուն մերձանալու և հրեշտակների դասում ապրելու պատվին, բայց իր գոռոզության պատճառով արտաքսվել է երկնքից։ Դրանից հետո թշնամացել է մարդկանց հետ՝ խոտորելով նրանց ճիշտ ուղուց։