Նոյեմբերի 6-ին ավարտվեց իմ աշնանային արձակուրդը. սեբաստացի սովորող-ուսուցիչները, կրթահամալիրի խորհրդի անդամները, օրագրի ընթերցողները կարողացա՞ն գնահատել՝ երբ եմ ես ավելի արդյունավետ տնօրինում՝ արձակուրդո՞ւմ, թե՞ …
Իսկ նոյեմբերի 7-ին, երբ աշխարհի հետադեմ մարդկությունն իր անզորությունն էր ցույց տալիս Հոկտեմբերյան հեղափոխության իննսունութամյա տարելիցի օրվա խայտառակ մոռացմամբ, մենք՝ աշխարհի առաջադիմության կենսամշակութային արշավով, սեբաստացիական երգչախմբով, մաեստրո Թոփիկյանի հետ քայլում-երգում էինք՝ Արագածոտնի մարզով… Մեր երթը՝ «Շեն կենա Գրիգոր Խաչատրյանը» վանկարկումներով, հանուն մեզ վերև կանչող ընկերոջ՝ «անուն բարձր ու վսեմի»… երանի՜ մեզ, որ Գրիգոր Խաչատրյան ունենք… Մի՛ ծերացիր, Գրիգոր Խաչատրյան, կորցնես մեզ՝ ի՞նչ ես գտնելու… խավա՞րը, երբ դու ես լույսը… Սիրում եմ այսպես թափառել հայաստանյան երկրով, երգել-շփվել «Սեբաստացիներ» երգչախմբի հետ, երբ մեզ հետ է մաեստրո Հարություն Թոփիկյանը… Շնորհակալ եմ Հռիփսիմե Առաքելյանին նախագծի համար: Իսկապե՛ս Բյուրական. ի՜նչ մարզ, մի գյուղ, մի ապրող շեն ճանաչելը մի աշխարհի հայտնագործում է, լիքը կապեր-մոռացված դեմքեր կենդանանում են, ապրելդ գալիս է… Այստեղով մեզնից առաջ սիրում էր և քայլել է Կոմիտասը… Սուրբ Աստվածածին եկեղեցում և՛ երգածը, և՛ տեսածը երկար չեն մոռացվի… ինչպես և հացի սեղանը Բյուրականի «Տոնացույց» մշակութային կենտրոնում, քեֆը մեր, մեր տիտիկը Անտառուտում։ Այսպես ես շաբաթ օրով դուրս եկա արձակուրդից…
Սեբաստացիները Բյուրականում «Տոնացույց» կենտրոնի հյուրն են: Ներկայանում են կենտրոնի սաները:
Տեսանյութը՝ Մարիետ Սիմոնյանի։
[youtube https://www.youtube.com/watch?v=vpfw_DLcO30?rel=0&controls=0&showinfo=0]
Իսկ կիրակի առավոտ արդեն հեծանվի վրա էի, բազում կիսատ շինարարական գործեր, հատկապես Մայր դպրոցում, ինձ են սպասում. պիտի համոզվել, որ Մայր դպրոցի տանիքի ու ջեռուցման համակարգի նորոգման աշխատանքներն ավարտված են…
Դավիթ Բլեյանին պատմելու լիքը բան ունեմ, մինչև ինձ թույլ տալը, որ տանից դուրս գամ… Նրան ամեն ինչ է հետաքրքիր՝ իր բոլոր մանրամասներով՝ ո՞ւր եմ գնում, ինչո՞ւ, ի՞նչ պիտի անեմ հետո… Մենք մի ժամի չափ կարևոր զրույցի ենք բռնվում.
— Բայց ո՞ւմ խումբն են սարքում շինարարները, պա՛պ, մե՞ր, թե՞ կողքի, թե՞ հինգ տարեկանների…
— Բայց ի՞նչն են սարքում, ի՞նչն է փչացել, որ սարքում են, պա՛պ…
— Դու բոլորին ասա, որ իրենց խումբը լավ պահեն, չփչացնեն… Մենք մեր խումբը երեկ մաքրել-պրծել ենք… թթուն էլ դրել ենք…
Աշնան Դավիթ: Կիրակնօրյա զբոսանք: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Ամենանվերը, որ մատուցեցի ինքս ինձ իմ վաթսունամյակի առիթով, իհարկե, հեծանիվն էր՝ արքայական-արքայավայել… Իմ գործն ավարտած՝ Մայր դպրոց-Նոր դպրոց-Արհեստներ-Գեղարվեստ՝ բակերով, շրջայցից հետո հանգրվանում եմ Մեդիակենտրոնում: Երկուշաբթի մեր մասնաժողովի հերթական հավաքն է՝ հրապարակված օրակարգով. մասնաժողովի նախագահն ու քարտուղարը՝ ես ու Սուսան Մարկոսյանը, կարևոր երկժամյա քննարկման-համաձայնեցման աշխատանք ունենք… Ի՜նչ լավ է, որ մենք Մեդիակենտրոնում Սուսան Մարկոսյան ունենք. սա էլ մեր երանիների շարքից երկրորդը…
Երկրորդ դասարանցիները կավով ծեփում են «Սեբաստացու օրերի» ցուցահանդես-վաճառքի նմուշները: Լուսանկարները՝ Աշխեն Թադևոսյանի:
Ընթերցողին հետաքրքիր է իմ՝ հեծանվորդի հայացքը հասարակությանը, հասարակական տրանսպորտին ու երթևեկությանը… Ախր, յուրաքանչյուրս այս համակարգի տարր ենք՝ ոտավոր (հետիոտն), անվավոր (հեծանվով, վարորդ թե ուղևոր), մեզնից շատերն օրվա մեջ վիճակ են փոխում. մեկը՝ ես… Ու խոսակցությունը միանգամից դառնում է քաղաքական՝ ես խոսում եմ հասարակության, հասարակական կյանքի, հասարակական հարաբերությունների, հասարակական առաջընթացի կամ հետընթացի մասին… Նախ, այն փոսը բաց՝ Ծովակալ Իսակովի վրա, այսօր էլ իր տեղում է՝ ռեալ վտանգներ, արդեն մեկ ամիս, ներկայացնելով յուրաքանչյուրիս անվտանգությանը… Կարևոր ցուցիչ է: Գրիգոր Խաչատրյանը, երբ ես ու ինքը որպես ուղևոր գնում էինք Երևանի կրթական կենտրոն մեր Բանգլադեշից Երևանի ֆիզիկական կենտրոն, պատմում էր, որ Մեծ Բրիտանիայի նման մեծ երկրում, որ 244.820 կմ քառ. մակերեսով, 58.789.194 ազգաբնակչությամբ, աշխարհում չորրորդ-հինգերորդ տնտեսությունն ունեցող երկիրն է, ծառայական մեքենաների քանակը չի անցնում հարյուրը, իսկ Դանիայում, որ ամենաբարեկեցիկն է աշխարհում, մեկ ու կես տասնյակը… Ուզո՞ւմ ես մեքենա վարել, կառավարության անդամ, էլ չեմ ասում՝ վարչության պետ ու ԱԺ պատգամավոր… նստի՛ր քո սեփական մեքենայի թե հեծանվի ղեկին… Պատկերացնո՞ւմ եք, որքա՜ն բան կսկսի փոխվել Հայաստանում, երբ իշխանավոր կոչվածը հայտնվի մարդկանց մեջ, ներառվի հասարակության մեջ… Վախենո՞ւմ են, ումի՞ց… իրենց ստվերի՞ց… Իսկ այսպես, ցավով եմ արձանագրում, որ տարրական հարգանքի բացակայությունը մեզանում չի հաղթահարվի…
Դավիթ Բլեյանի հետ պատշգամբում ենք, ճոճվում ենք. պայծառ օր է՝ օրվա երկրորդ կեսը, երբ միայնակ ենք (Արմինեն մեքենայով խանութ է գնացել)։ Մենք սպասում ենք երեկոյան հյուրերի՝ Արցախից…
— Ի՜նչ տարօրինակ է, հայրիկ (լսեցի՞ք՝ ինչ բառ է գործածում), ամեն ինչ իր ստվերն ունի՝ ես, դու, մայրիկը, շունիկը, ճոճանակը… քո հեծանիվը… Դու վախենում ե՞ս ստվերից… Ես չեմ վախենում… Հո Քաջ Նազարը չե՞մ (ծիծաղում է), որ իմ ստվերից վախենամ…
Գյուղացիական տնտեսության հյուրերը: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Իջեˊք ծառայական մեքենայից՝ վարորդով, պետության հաշվին պահվող, դարձեˊք հետիոտն, ես ավելացնում եմ՝ նստեˊք հեծանիվ, երթևեկեˊք որպես ուղևոր… որ հասարակությունը դառնա ներառական… Առանց սրա կրթությունը չի կարող լինել ներառական, այն կլինի ձևական-ներառական… Ես բերում եմ Գևորգ Հակոբյանի՝ վերջին երեք տարում մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից, աստղագիտությունից առարկայական օլիմպիադաների Հայաստանի դպրոցների մասնակցության աղյուսակը: Հիշե՛ք, 1437 դպրոց ունեցող երկրում, փաստացի, մի դպրոցում՝ ֆիզմաթում, կներեք, բուծում-կաղապարում են օլիմպիադաների մեդալակիրներ ու ՀՀ նախագահի ներկայությամբ, ԿԳ նախարարի մակարդակով թմբկահարում-ներկայացնում` որպես հանրակրթության (ներառական հասարակության) ցուցանիշներ…
— Փոքր ժամանակ ես չգիտեի, հիմա գիտեմ՝ ոնց անջատեմ համակարգիչը, որ ծրագրերը չթռնեն… պա՛պ,- ճոճքի վերջում ասում է Դավիթ Բլեյանը…
Ավազաթերապիա: Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
— Անձրևը ի՞նչ թողեց ստվերից,- հարցնում եմ առավոտյան,- մարդիկ, մեքենաները, ծառերը, թռչունները թրջվում են, իսկ ստվերնե՞րը, Դավիթ Բլեյան…
Անտրամադիր է մեր հերոսը. քունը չի առել ու անձրևի մասին չի ուզում լսել։
Մենք դուրս ենք գալիս պատշգամբ, ու տանիքից թափվող հորդառատը ոգևորում է Դավթին, արթնացնում։
— Շուտ գնանք մեր խումբ ու մրգեր տանենք…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#491