Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը բաց նամակ է հղել Արենի համայնքի ղեկավարին եւ ավագանու անդամներին՝ հայտնելով մտահոգություն համայնքի ղեկավարի նոյեմբերի 16-ի որոշման առնչությամբ, որը վերաբերում է Գնիշիկ բնակավայրի որոշ տարածքներ մրցույթով վարձակալությամբ հատկացնելուն:

Կազմակերպության թիմի կարծիքով մրցույթում առկա են ՀՀ իրավական նորմերին հակասող դրույթներ, քանի որ մրցույթի հայտարարության մեջ նշվում է վարձակալությամբ հատկացվող տարածքներում թույլատրելի որսի մասին, մինչդեռ Գնիշիկ բնակավայրի տարածքում որսն արգելված է. այն ներառված չէ Վայոց ձորի մարզի որսահանդակների սխեմատիկ քարտեզում:

«Այս պայմաններում իրապես բնապահպանական ոչ մի կառույց սկզբունքորեն չի մասնակցի հայտարարված մրցույթին։ Բացի այդ՝ բացակայում է անհրաժեշտ մրցույթի տեխնիկական բնութագիրը, ինչպես նաեւ բնապահպանական ծրագրեր իրականացնելու չափանիշները»։

Նամակում նրանք ընդգծել են նաեւ վերոնշյալ որոշման կայացման գործընթացին Գնիշիկ բնակավայրի վարչական ղեկավարին մասնակից չդարձնելու, հետեւապես բնակավայրի բնակիչների կարծիքը հաշվի չառնելու հանգամանքը:

Չորս տարի շարունակ հիմնադրամն Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի տարածքում իրականացրել է  բնապահպանական բազմաթիվ ծրագրեր, ներդրել հսկայական ռեսուրսներ՝ ընդհանուր 200 մլն դրամ արժողության: Փողոցային լուսավորության էներգախնայող ԼԱԴ (LED) համակարգ է ներդրվել, կառուցվել են խմելու եւ ոռոգման ջրի համակարգեր, ձեռք է բերվել գյուղտեխնիկա, մարդ-վայրի բնություն խնդրի լուծման նպատակով hիմնադրամը տեղացիներին նվիրաբերել է էլեկտրական հովիվներ, փոխհատուցել է գորշ արջերի հասցրած վնասների մի մասը, հիմնադրամի անտառապահները շուրջօրյա հսկողություն են ծավալում Գնիշիկ եւ հարակից բնակավայրի տարածքում՝ բացառելով որսագողության դեպքերը, ծառահատումները, վայրի բուսատեսակների գերհավաքչությունն ու կենդանիների գերարածեցումը:

Հիմնադրամի թիմին մասնավորապես մտահոգում է այն հանգամանքը, որ Գնիշիկն էկոգյուղ դարձնելու, համայնքում բնապահպանական եւ սոցիալական կայունության ապահովման իրենց ջանքերը պատշաճ չեն գնահատվել, եւ ներկայում առկա գաղափարական տարաձայնությունների պատճառով կասկածի տակ է դրվել իրենց հետագա գործունեությունը համայնքում: Ըստ նրանց նշված հողատարածքների կառավարման հանձնումը որեւէ կառույցի հակասում է ոչ միայն հիմնադրամի, այլեւ աշխարհում ընդունելի սկզբունքներին։

«Հարգելի՛ պարոն Սահակյան եւ ավագանու անդամներ, սույն նամակով հորդորում ենք կասեցնել մրցույթի ընթացքը, խնդրում ենք վերանայել Ձեր մոտեցումները եւ որոշումը, եթե իրապես ցանկանում եք համայնքում բնապահպանությանը զուգահեռ տնտեսական եւ սոցիալական կայունություն ապահովել»,- նշված է նամակում:

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 15-ի դրությամբ Գնիշիկ բնակավայրի ընդհանուր ավելի քան 3000 հա տարածքների վարձակալության մրցույթին մասնակցելու համար դիմել է միայն «Բեզոար» բնապահպանական հիմնադրամը:

«Ալիք Մեդիան» ավելի մանրամասն կանդրադառնա թեմային։
Աղբյուր՝ Ալիք Մեդիա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Don’t be in a hurry if you are the defender of your child’s interests…

An extract ….On our way back from Tbilisi, Davit was counting in the car, he was counting until we got to Dilijan, he was counting with natural numbers beginning from

SOS. անտառը օգնության է կանչում

Ահազանգում եմ՝ SOS, ու դրան համապատասխան քաղաքացիական նախաձեռնությունների եմ կոչում։ Արագ տարածվող, անկուշտ թրթուրը մոլեգնում է Հայաստանով մեկ։ Մենք՝ ուսուցիչների, սովորողների մեծ խմբով,  այդ թրթուրը տեսանք Վայոց ձորում՝ Եղեգիսի խոշորացված

We all, voters and election candidates, have got something to do…

An extract from Mr. Ashot Bleyan’s diary note for November 26.